Հայտարարություն
Ուսումնասիրելով մեր ազգային վերելքներն ու անկումները, ազգային կազմակերպվածության թուլացման պատճառները,
բնական զարգացումների և տիեզերական շրջափուլերի օրենքների տրամաբանությունը,
վերլուծելով հայոց բազմադարյա պատմության և հայկական մշակույթի նպաստը ազգային ու համամարդկային առաջընթացի
գործում,
փաստելով 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման և պետականության հետագա
զարգացումներում Հայոց պետության և Հայության լինելիության և հեռանկարային յուրահատուկ զարգացման խնդիրների
առկայությունը,
հենվելով հայկական հոգևոր գիտելիքների համակարգի վրա, որը սահմանվել և ամբողջացվել է Դավիթ Անհաղթի կողմից V
դարում,
առաջնորդվելով, որ մեր հարցադրումների լուծման բանալին մեր Ազգային ինքնության ճանաչումն ու դրան
համապատասխան համակարգի կիրարկումն է,
ուժավորվելով Հայոց աշխարհընկալումից և Ազգային մշակույթի շտեմարանի անսպառ կենարար աղբյուրից,
հարգելով այլ ազգերի իրավունքները, ինքնությունն ու մշակութային ժառանգությունը,
գիտակցելով, որ մշակութային բազմազանությունն ստեղծում է հարուստ ու բազմաբնույթ աշխարհ, որն ընդլայնում է
ընտրության սահմանները և ապահովում մարդկային հնարավորություններն ու արժեքները սնող միջավայր` այդպիսով հանդիսանալով
անհատի, ընտանիքի, հանրության, ժողովուրդների և ազգերի կայուն զարգացման շարժիչ ուժ,
վկայակոչելով՝ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին»
Կոնվենցիան*,
ընդունելով Ազգային և համամարդկային առաջընթացի հիմնական գրավական՝ ճանաչված ինքնությամբ Ազգերի
առաքելության իրականացումը,
ձևակերպելով Հայ ազգի առաքելությունը՝ մարդու և հանրության, բնության և Աստվածային իրողությունների
ներդաշնակության ապահովումն է հայության բնօրրանում, Աստվածային իմաստության պահպանումը, զարգացումն ու տարածումը
տվյալ քաղաքակրթական դարաշրջանի պահանջներին համապատասխան,
որդեգրելով՝ հետևողականության, նպատակասլացության, իմաստախոհության, շրջահայացության, խոսքի և գործի
համապատասխանության սկզբունքները,
գործելով` համագործակցության, փոխադարձ վստահության, հարգանքի, հանդուրժողականության, հրապարակայնության և
թափանցիկության մթնոլորտում,
Ձևավորվել է «Ազգային բաց նախագիծ» կազմակերպող խումբ.
նպատակը՝ Հայոց ազգային առաքելության գիտակցված ընկալման սերմանումը, հոգևոր արժեհամակարգի վերականգնումը և
դրա գործադրման մեխանիզմի բացահայտումն ու կիրարկման նախադրյալների ստեղծումը՝ անհատ-ընտանիք-հանրություն-ազգ
մակարդակներում՝ ի նպաստ անհատական, ազգային և համամարդկային առաջընթացի:
«Ազգային բաց նախագիծ» կազմակերպող խումբ
04.06.2012

«Ազգային բաց նախագիծ» կազմակերպող խումբ
Հանուն ազգային և անհատական ներդաշնակ առաջընթացի
Ազգային մշակույթը, հիմնվելով հոգևոր արժեհամակարգի վրա, հանդիսանում է ազգային պետության հիմքը: Այն
կանոնակարգում է ազգային շահերի և մարդու իրավունքների ու ազատությունների փոխհարաբերությունները, իր զարգացման
ընթացքում պարբերաբար հարստացնելով համամարդկային արժեքները և ինքն էլ իր հերթին դրանով հարստանալով ընդարձակում ու
խորացնում է անհատի և հանրության ներդաշնակությունը: Նրա անտեսումը հանգեցնում է հասարակության կազմալուծման՝
պարարտ միջավայր ստեղծելով բացասական երևույթների արմատավորման համար, ինչի ականատեսն ենք: Ուստի ժամանակի
հրամայականն է ներկա հասարակական և քաղաքական զարգացումները դիտարկել մշակութային ինքնության տեսանկյունից՝
առաջադրելով ինքնատիտ սահուն և ողջամիտ լուծումներ:
Նպատակներն ու խնդիրները
«Ազգային բաց նախագիծ» կազմակերպող խումբի /այսուհետ՝ Խումբ/ նպատակն է՝
1. Բացահայտել, հստակեցնել և ներկայացնել Հայկական արժեհամակարգը՝ հոգևոր, մտավոր և նյութական մակարդակների
ներդաշնակությունը:
2. Արժեվորել և վերականգնել հայ մշակույթի բոլոր կարևոր փուլերի պատկերը, դիտարկելով դրանք հոգևոր ամբողջական
գիտելիքների տեսանկյունից և ձերբազատվելով օտարածին, խեղաթյուրված տեսակետներից ու կարծիքներից, ներկայացնելով այն
հայությանն ու աշխարհին:
3. Վերականգնել հայի կերպարն իր արժեհամակարգի բոլոր բաղադրիչներով և այդպիսով նպաստել անհատի, ընտանիքի,
հանրության, պետության ու ազգի փոխադարձ ներդաշնակությանը:
4. Որվագծել հայկական պետականության այն տեսլականը, որը կհամապատասխանի հայի հոգեբարոյական կերպարին, հարազատ
կլինի նրա մշակութային չափորոշիչներին, կապահովի իր հայրենիքում ստեղծագործ արարման և արդար վաստակով
արժանապատիվ ապրելու անհրաժեշտ պայմաններ:
Խնդիրն է նպատակների կենսագործումը:
II. Գործնեության ոլորտները և ուղղությունները:
Խմբի գործունեության ուղղությունները և ոլորտները ընդգրկում են հոգևոր, մտավոր, նյութական մշակույթի խնդիրները,
գիտակրթական համակարգը, բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, հասարակա-քաղաքական կյանքը, դրանց առանձին
բաղադրիչների վերլուծություները և առաջարկությունների մշակումը և կենսագործումը:
III. Խմբի գործունեության սկզբունքները:
1. հավատարմություն ազգային դիմագծին,
2. գործունեության հրապարակայնություն,
3. անաչառություն, իրատեսություն,
4. խոսքի և գործի համապատասխանություն,
5. համագործակցություն և ներառականություն այլ կազմակերպությունների և անհատների հետ:
Խումբը հաստատում է իր գործունեության ծրագիրը և աշխատակարգը: Աշխատակարգով սահմանվում է խմբի ընդլայնման և
աշխատանքային խմբերի ձևավորման կարգը:
IV. Խմբի գործունեության միջոցները և եղանակները:
Խումբն իր գործունեությունը իրականացնում է հրապարակումների, համացանցի, ԶԼՄ-ների և տարաբնույթ միջոցառումների
(դասընթացներ, հանդիպումներ, ցուցադրություններ, սեմինարներ և այլն) միջոցով:
Խմբի գործունեության համար ֆինանսական միջոցները գոյանում են նրա անդամների և համակիրների նվիրատվություններից: