1991թ․ 4 հունվարի
Վաղուց է խոսվում հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ներառելու, նրանց դրսևորվելու հնարավորություններ ընձեռելու մասին, սակայն խոսքի ոգևորությունը միշտ չէ, որ փոխվում է գործի։ Վարանումն ու ավելորդ զգուշավորությունը դեռևս խոչընդոտում են, սակայն կան կազմակերպություններ, որոնք գործնական քայլեր են անում օգտակար շփումների ուղղությամբ։ Դրանցից է «Կենաց տուն» հասարակական կազմակերպությունը։
Վերջերս ազգային պատկերասրահում բացվեց բազմաբովանդակ, հետաքրքիր ու գունեղ մի ցուցահանդես, որ ծնվել է հաշմանդամ և կարիքավոր երեխաների համար «Կենաց տան» կազմակերպված արվեստի (հիմնականում՝ ժողովրդական կիրառական) 7 ուղղությունների դասընթացների շնորհիվ։ Կազմակերպության ղեկավար, ժողովրդական վարպետ Վանո Դադոյանի նախաձեռնությունը, որ հովանավորվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի կողմից, 10-ամսյա ժամկետում մեծ հաջողություններ արձանագրեց։
9-20 տարեկան 70 երեխաներ՝ 35-ը հաշմանդամ, 35-ն առողջ, կերպարվեստի, քանդակի, ձեռագործության, ժանյակի, խեցեգործության, ժանյակի, խեցեգործության, կարուձևի ու ոսկերչության այնպիսի բարձրաճաշակ, նուրբ ընկալման ու կատարման աշխատանքներ են ներկայացնել, որ շատ դեպքերում թվում է՝ վարպետի ձեռքի կնիք ունեն։ Լևոն Մինասյանի (9s.), Դավիթ Հովհաննիսյանի (12s.) և Արտակ Առաքելյանի (9s.) խեցեղեն աշխատանքները ազգային հիմքի վրա բարձրացող նրբագեղություն ու որակ են դրսևորում, պատերին փակցված բազմազան ժանյակները, կարպետագործ պայուսակները, գդալնոցները, կավե դիմակները, մանկական գունազարդ հագուստներն ու նկարները շատ դեպքերում թվում են հատուկ արվեստանոցների աշխատանքներ։
«Երեխաներից շատերը հիվանդ էին, բայց նրանց հոգին ստեղծագործելու համար առողջ էր։ Նրանցից ոմանք՝ խուլ ու համր, վերջույթների դժվար կառավարելիությամբ և անգամ՝ մտավոր հետամնաց, այնքան հեշտ մտան կիրառական արվեստի աշխարհ և այնքան անմնացորդ նվիրվեցին գործին, որ շատ կարճ ժամանակաում յուրացրին հանձնարարվող նյութն ու ստեղծեցին հետաքրքիր աշխատանքներ։ Կարևորը՝ բոլորը հեշտությամբ վարժվեցին միմյանց, ու շփման հրաշալի մթնոլորտ ստեղծվեց, ուր անբնական ոչինչ չկար», -պատմում է Վ․ Դադոյանը։ – Երեխաներն, ըստ ամենայնի, ավելի դյուրին են մտնում բնական հաղորդակցման մեջ, ավելի շատ սրտացավություն դրսևորում միմյանց հանդեպ, և մենք՝ մեծերս, նրանցից սովորելու շատ բան ունենք։
Կազմակերպության ղեկավարից տեղեկանում ենք, որ նախանցյալ տարի Գերմանիայում, իսկ անցյալ տարի ճապոնիայում կազմակերպած իրենց ցուցահանդեսները մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Դրական արձագանքներից զատ, ճապոնական մի ընկերության հատուկ նվերներ ուղարկեց երեխաներին՝ հիանալով նրանց մտքի ու ձեռքի ստեղծագործությամբ․․․ Այս ցուցահանդեսի բացման օրը դասընթացների վկայականների հետ այդ նվերները նույնպես բաժանվեցին երեխաներին, և մեծ ոգևորություն առաջացավ։ Գնահատված լինելու զգացումը նրանց նոր լիցք ու աշխուժություն հաղորդեց, ու թեթև ծրագիրն արդեն ավարտված է, ուսուցչական կազմը որոշել է ևս մեկից երկու ամիս շարունակել դասավանդումը։
Տեղին է թվարկել «Կենաց տան» մասնագետների անունները․ Կարեն Մկրտչյան (կերպարվեստ), Գագիկ Ղազարյան (քանդակ), Էլլա Պեպանյան (Խեցեգործություն), Լալա Մնեյան (կարպետագործություն), Սոֆյա Գալֆայան (ժանյակ), Արմեն Իսաջանյան (ոսկերչություն), Էլմիրա Գինովյան (կարուձև), որոնք մասնագիտական կարողություններից զատ հոգեբանական լուրջ աշխատանք են ծավալել՝ գտնելու յուրաքանչյուր երեխայի հակումները։
Սոցիալական խնդիրներ լուծելու տեսակետից էլ «Կենաց տունը» լուրջ մտահոգություններ ունի։ Ամեն մի այսպիսի ցուցահանդես վերջում ակամայից վեր է ածվում ցուցահանդես-վաճառքի, և երեխաները խրախուսվում են թեկուզ խորհրդանշական, բայց սեփական վաստակով, համակվում աշխատելու ցանկությամբ։
Կազմակերպվող շրջիկ դասախոսությունները, Սպիտակում բացված արվեստի դպրոցը, տնայնագործության կազմակերպման միջոցով աշխատատեղերի ստեղծումը, կիրառական արվեստի նմուշների արտադրությունը այն լուրջ հիմքերն են, որոնց վրա իսկապես կկարողանան կրկին բարձրանալ երկար ժամանակ մոռացության տրված ժողովրդական արվեստի մեր հարուստ ավանդույթները։
«Ծրագիրը շարունակելու դեպքում հեռանկարներն ավելի ու ավելի են ընդարձակվում, – ասում է Վ․ Դադոյանը։ – Արդեն սկսում ենք մտածել մշակութային փառատոնների, տոնահանդեսների ու գիտաժողովների կազմակերպման մասին, հանրակրթական ու բարձրագույն դպրոցներ ունենալու շուրջ։ Հետևողական աշխատանքը ապագայում շատ բան կհստակեցնի։ Մենք սպասում ենք նաև մեր հասարակության արձագանքներին»։
Հուսանք, որ գեղեցիկի ավանդապաշտ այս վերազարթոնքը անտարբեր չի թողնի ոչ մեկիս։