Անշարունակելիի շարունակությունը

Այսպես՝ մենակ մնացինք ես ու հորիզոնական պառկածը։ Մտածում եմ՝ ա՛յ քեզ բան, մարդ էլ ինքն իրեն տեսնի այս վիճակո՞ւմ։ Հանկարծ պատեը հեռանում են, հատակը ցնցվում է, ու մենք հայտնվում ենք շուկայում։ Զարմանալի շուկա է արևելյան ոճի, կարծես Հալեպի շուկան լինի։ Բոլորը գնում-գալիս են, ու ոչ ոք չի զարմանում, որ շուկայի կենտրոնում արկղ է դրված, այն էլ՝ առանց կափարիչի։ Մեկ էլ մի մոտոցիկլ ուղիղ արկղի վրա է քշում ու անցնում․ ո՛չ փայտերն են կոտրվում, ո՛չ էլ դիակն է աղճատվում։ Էդ որ տեսնում եմ, ասում եմ՝ էս անասունը ո՞վ էր։ Հենց այս մտածումի վրա շուկան մի պահ մթնում է, ու մի ձայն ասում է՝ ա՛յ Վանո, մեռար, բայց բարկությունն ու հայոյանքը չթողեցիր։ Հետո շուկան լուսավորվում է մի ահավոր ուժեղ լուսով, ու բոլորը տեսնում են ինձ՝ գլխիս մի փայտյա սկուտեղ դրած, մեջը լիքը հայհոյանք՝ ասած թե չասած, կամ մտածած-չբարձրաձայնած կամ պարզապես մտքի մի խուլ անկյունուն ընկած։ Մի ամոթ է պատում ինձ, բայց ոչինչ չեմ կարող անել, այդ աշխարհն այսպիսին է․ արած, անգամ մտածած, բայց չիրագործած ամեն ինչ երևում է անընդհատ պտտվող ժապավենի նման։
Մոտոն վաղուց հեռացել է, սակայն ես նրան եմ փնտրում, որ ասեմ՝ կներես, այդ պահին, երբ նման բան էի ասում, ես ասուն չէի, մարդ էլ մարդուն անասուն ասի՞։ Այսպես խորհում եմ, մեկ էլ մի մարդ գալիս է ու իմ արկղը, այսինքն՝ դագաղը, սկսում է քաշել այնպիսի հեշտությամբ, կարծես անիվների վրա լինի։ Ասում եմ՝ ա՛յ մարդ, էս ո՞ւր ես տանում։ Պատասխանում է՝ պետք է, մի գործ պիտի անեմ։ Ես ստիպված հետևում եմ նրան։ Քարշ տալով մոտեցնում է մի բարձր պատի, ինքն էլ կանգնում ինձ վրա, այսինքն՝ դագաղի, էլի, ու իր գլխի սկուտեղը, որ ծածկված էր գեղեցիկ ասեղնագործ ծածկոցով, դնում է պատին, որին մատերի ծայրերով հազիվ հասնում է։ Հետո շուռ գալով դեպի ինձ՝ ասում է՝ գործս ավարտեցի, ու հեռանում է։ Ասում եմ՝ արկղը հետ տար, բայց այլևս չի լսում ու անհետանում է։
Այսպես՝ ես նորից մնում եմ մենակ ու մեկ էլ նկատում եմ շատ աղջիկներ ու պատանիներ են գնում գալիս՝ գլուխները կախ, գլխներին սկուտեղներ, մեջը շարած փոքրիկ գանգեր։ Բոլորը գլխիկոր են։ Զարմացած մտածում եմ՝ էս ի՞նչ բան է, ո՞ւմ կարող եմ հարցնել։ Բոլորն այդտեղ կենտրոնացած իրենց գործն են անում և սակավախոս են։ Այս մտածումի մեջ եմ, երբ նկատում եմ, որ հեռվից տարօրինակ շորերի մեջ փաթաթված մի աղջիկ ժպտալով մոտենում է։ Ծանոթ է թվում։ Անմիջապես հիշում եմ, որ տարիներ առաջ Գերմանիայում կիսարթուն երազում տեսած Դելֆիի տաճարի հարցմակ քրմուհին է, այն ժամանակ կարևոր ու լավ բան փոխանցեց մեր Վեհափառ Հայրապետի համար։ Երբ մոտեցավ, ժպիտն անցավ ու ասաց․ «Ա՛յ Վանո, էս հին աշխարհում բոլորին խառնել ես իրար, ի՞նչ ես ուզում։ Հինը ծածկված է փոշով, ավելի լավ է՝ ձեր ժամանակների սխալները ուղղեք»։ Հետո ասաց՝ երեք ցանկացած հարց կարող եմ տալ․ ասեմ, որ այսպիսի վիճակներում հարցերի պատասխան լուծումները հետն են տրվում։ Շատ ուրախացա, բայց և մտքերի մեջ ընկա, ու քանի որ պատանիներին վերաբերող հարցը ամենաթարմն է ու շատ հետաքրքիր, որոշեցի այդ մասին հարցնել քրմուհուն։ Սակայն առանց հարցը բարցրաձայնելու, քրմուհին քմծիծաղով պատասխանեց․ «Դրանք սաղմնավորված, բայց չծնված երեխաների գանգերն են»։ Մտածում եմ՝ բա այս խեղճերը ե՞րբ են ազատվելու այդ դաժան, գլխիկոր բեռից։ Եվ իսկույն պատասխանը նույնպես մտածումով փոխանցվեց․«Դա միայն բոլոր ժամանակների Թագավորների Թագավորը գիտի»։ Անմիջապես մտածում եմ․ «Ա՛յ Վանո, էս ի՞նչ հարցեր ես տալիս, դուրս արի անձնական հետաքրքրությունների տիրույթից»։ Անմիջապես մտածում եմ՝ հարցնեմ, թե մեր Բայազետն ու Արարատը ե՞րբ է վերադառնալու։ Բայց այդ հարցը ոչ մի կերպ չի ձևակերպվում։ Մտածում եմ մեր ազգին վերաբերող մեկ այլ հարց տամ, մեկ էլ նկատում եմ, որ քրմուհին հեռանում է։ Բղավում եմ հետևից՝ բա հարցե՞րը․․․ Շրջվում է և նորից ժպտալով ասում․ «Երկու հարց ունես։ Երբ հոգուդ մեջ դրանք ձևակերպես, մենք կգանք ու կպատասխանենք»։ Ասում եմ՝ բայց դու մենակ ես, ինչո՞ւ ես ասում՝ մենք։ Հեռանալով պատասխանում է․ «Բոլոր նրանք, ովքեր նվիրագործական կարգավիճակում են ու ավանդույթի մեջ, մենք-ով են խոսում, քանզի նրանք ազատվել են ու այլևս չունեն մարմնական կերպարանավորված Ես»։
Այսպես այլայլված ու տխուր մտածում եմ՝ արկղս քարշ տամ հարմար տեղ։ Փորձում եմ, բայց, ա՛յ քեզ զարմանք, ահավոր ծանր է, ու չեմ կարողանում ինքս ինձ տեղափոխել, երևի հենման կետ չունեմ։ Մտածում ՝ ես ինչ կշիռ է, որ չեմ կարողանում շարժել։ Մեկ էլ հայտնվում է եռաթև կշեռքը՝ վրան թիկնոց, ու սկսում է պտտել։ Գնալով արագանում է, իսկ թիկնոցը նման պարող դերվիշների փեշերի պտույտից բացվում է, ու զարմանահրաշ նախշեր են երևում։ Պտույտի մեջ առաջին անգամ նախշերը երևում են որպես զարմանալի հեքիաթային մի իրողություն։ Ժամանակը հետ ու առաջ է գնում, և ես զգում եմ, թե ինչպես եմ ուժասպառ լինում։ Որոշում են նստել իմ արկղին մի քիչ հանգստանալու։ Այստեղ էլ պատկերները տարրալուծվում են մթի խորխորատներում։
Շարունակելի։
Գրվեց չորրորդ անքուն գիշերը, արևածագից առաջ։ Բարի լույս։ 15 12 21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *