Մեր կյանքը մի զարմանալի պայքար է երջանկության ու տառապանքի միջև։ Ցավալի է, սակայն մեզ այդպես էլ չի հաջողվում տառապանքը վերափոխել սրբագործված հերոսապատումի։ Սա մի խնդիր է, որի լուծումը հնարավոր է գտնել միմիայն համակարգված գործողության շնորհիվ։ Չէ՞ որ այդ տառապանքը, ակոսելով մեր սրտերը, մեզ կապում է բյուր հազարավոր հերոսական սրտերի հետ, որոնք բոլորը միավորվում են մեկ միասնական կերպարի՝ հայոց վիպերգի ծուռ Դավթի մեջ։
Գիտակցո՞ւմ ենք արդյոք մենք վերջին պատերազմում հերոսացած զինվորների անտեսանելի կապը ժողովրդի էպիկական հերոսների հետ, երբ փորձում ենք սփոփել անամոք ցավով տառապող նրանց ծնողներին ու հարազատներին: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ մեր միասնական սիրտն ակոսող անհուն վիշտը դույզն-ինչ ամոքելու համար մենք պետք է ոգեկոչենք բոլոր այդ հերոսներին, արժևորենք նրանց հերոսությունը, հող նախապատրաստենք նոր հերոսների ծննդի համար և թույլ չտանք, որ ծուռ Դավթի հետ կապը երբևէ կտրվի…
Վերջապես, Հայաստանի ու բովանդակ աշխարհի հայությունը գիտակցո՞ւմ է, որ հայրենիքի կործանումը կասեցնելն ու կորցրածը վերադարձնելն են հայի հարատևության գրավականը։ Ազգային կամ քաղաքական մնացյալ օրակարգերը ոչինչ չեն փոխելու, և նորից մնալու ենք հարյուր տարվա կոտրած տաշտակի առջև։
Վշտակցելով ու զորակցելով մեր բոլոր որդեկորույս մայրերին՝ ցանկանում եմ, որ այդ ցավից ծնված տիեզերական անմեկնելի զորությունը անպայմանորեն ուղղորդվի մեր տառապյալ ու բզկտված ազգի միավորմանը։ Պատրաստվենք վերջապես գործադրելու մեր հավաքական ուժը՝ հավատացած լինելով, որ միայն այդպես է հնարավոր մեծ ու հզոր հաղթանակներ կերտել և ապահովել հայի հարատև գոյությունը այս արևի տակ:
Հազար ողորմի մեր հերոս զավակներին։