Հայտարարություն

Սիրելի հայրենակիցնե՛ր


Բոլորս քաջատեղյակ ենք վերջին երեսուն տարում մեր երկրում թույլ տրված բացթողումների և հատկապես 2020 թվականի ցավալի իրողությունների մասին։ Հայաստանի երրորդ՝ անկախ հանրապետության ստեղծումից ի վեր բացթողումներ են արձանագրվել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի  դրանում. անտարբերություն դրսևորելով և բավարար մասնակցություն չցուցաբերելով հանրային վերահսկողության գործում՝ մենք բոլորս նպաստել ենք հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում ձևավորած բարոյական արժեքների անկմանն ու ազգային հարստության փոշիացմանը։

Սակայն  ազգային առաջընթացի և վիճելի հարցերի լուծման բանալին վերջնականապես կորսված չէ. զարգացած և ամուր պետության ստեղծումը համարելով բոլորիս առաջնահերթ և սուրբ պարտականությունը՝ կարծում ենք, որ միասնական արժեհամակարգի մշակման և այն կյանքի կոչելու պարագայում հանրության առողջ ուժերը ի վիճակի կլինեն երկիրը և հանրությունը դուրս բերելու օրհասական իրավիճակից: Ընդ որում, այդ համակարգի հիմքերը պետք է խարսխված լինեն ազգային ինքնության գիտակցված ընկալման, համախմբման և հոգևոր-մշակութային մոռացված կրթության վրա: Ժամանակն է, որ հայոց արժեհամակարգի շուրջ ազգի բոլոր տարրերի համախմբման շնորհիվ ապահովենք մեր ազգային ինքնության ու պետականության անվտանգությունը:

Գիտակցելով այս խնդիրների լուծման բախտորոշ նշանակությունը՝ ստեղծվել է «Արևահովիտ» Հայոց արժեհամակարգային միասնականության հարթակը (ՀԱՄ հարթակ), որի հիմնական նպատակներն են.

- ձևակերպել հայ ինքնության և նրա ժամանակակից կերպարի նկարագիրը՝ նպաստելով անհատի, ընտանիքի, հանրության, պետության կայուն զարգացմանը, ազգային ներուժի համախմբմանը և հայության ներդաշնակ ապրելակերպի կայացմանը.

- բացահայտել և Հայաստանի ու արտերկրյա հայությանը լայնորեն ներկայացնել դարերի ընթացքում ամբարված հայկական լավագույն արժեքները հոգևոր, մտավոր և նյութական մակարդակներում՝ դրանք համահունչ դարձնելով արդի զարգացումներին ու պահանջներին.

- վերականգնել հայկական մշակույթի կարևոր փուլերը՝ դրանք դիտարկելով հոգևոր ամբողջական գիտելիքների տեսանկյունից, սրբագրելով, մաքրելով դրանք տարածում գտած խեղաթյուրված տեսակետներից ու կարծիքներից՝ հասնել կրթական համակարգի էական բարեփոխման, հասարակության գիտակցության մեջ սերմանել առաքինի վարքագծի և օրինականության գերակայության անհրաժեշտությունը՝ այդ ամենն ընկալելով որպես հանրություն կայանալու երաշխիք:

«Արևահովիտի» գործունեության ոլորտներն ու ուղղություններն են՝ հոգևոր, մտավոր և նյութական մշակույթը, հոգևոր-մշակութային գիտակրթական համակարգը, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքը, հայրենիք-արտերկիր մշակութային և գործնական նորովի կապերը:

«Արևահովիտի» գործունեությունը խարսխված է տարիներ ի վեր հաջողությամբ գործող «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության և «Ազգային բաց նախագիծ» նախաձեռնության կատարած աշխատանքների վրա:

Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կախված է ոչ միայն առանձին անհատներից, այլև համայն հայության սրտացավ նվիրումից ու վերոհիշյալ գաղափարների շուրջ համախմբվելու անհրաժեշտության ընկալումից:

«Արևահովիտը» այս նվիրական գաղափարի իրագործման ճանապարհի առաջին գործնական քայլն է՝ հայրենիքի և արտերկրի հայության գիտակից անդամների իրական և ակտիվ մասնակցությամբ։ Համոզված ենք, որ կայուն ու հետևողական  աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի հասնել մեր նպատակների իրականացմանը։

Ակնկալում ենք Հայաստանի և արտերկրի հայության ակտիվ մասնակցությունը «Արևահովիտի» գործունեությանը: