Արևահովիտի աջակցությամբ շուտով կհրապարակվի Կարեն Թոխաթյանի՝ «Հայաստանի ժայռապատկերների բովանդակությունը» մենագրությունը։
Հայոց պատկերագրական մշակույթի վաղնջական շերտը՝ ժայռապատկերները, անցյալի իրականությունը գեղարվեստորեն արտացոլող քարե «կտավներ» են: Հայոց բնատարածքի բյուրավոր փորագրությունները վկայում են, որ այս ինքնատիպ մշակութային ոլորտը համապարփակ արտահայտում է նախագրային շրջանում մարդկանց կյանքի, գործունեության ու մտածողության էական կողմերը:
Հնագույն մշակույթի որևէ շերտի ուսումնասիրման հիմնական նպատակը դրա նշանակության ու դերի բացահայտումն է: Դավիթ Անհաղթի դատողությանը հետևելով, ժայռանկարի բովանդակային, ոճատեխնիկական ու վիճակային բնութագրերը հարկ է սահմանել ըստ իմացագիտական աստիճանների. «…եթէ է՞, և զի՞նչ է, և որպիսի՞ ինչ է, վասն է՞ր է», այսինքն, գոյություն ունեցող ամեն բան դիտարկվում է «ի՞նչ է, ինչպիսի՞ ինչ է և ինչի՞ համար է» կարգով:
Ժայռապատկերներն արժեքավոր տեղեկություններ են ամբարել շրջակա բնության, մարդկանց կյանքի, արհեստի ու հմտության, արվեստի և գիտելիքի, մտածողության ու աշխարհընկալման մասին: Ըստ այդմ, նկարների բովանդակային բազմազանության մեջ որոշակի է չորս հիմնական ոլորտ՝ բնություն, մարդու առօրյա, արարման արդյունք ու ներաշխարհ: Դրանցում առանձնանում է 29 թեմային խումբ՝ տեղանքի տարր, երկնային լուսատու, երկնային երևույթ, Երկրագունդ, երկրային երևույթ, օդերևույթ, բուսաշխարհ, կենդանական աշխարհ, գյուղատնտեսություն, որս, գազանամարտ, մարտարվեստ, մարզում, մրցախաղ, պար, գործիք, փոխադրամիջոց, շինվածք, կիրառական պատկեր, ուսուցման միջոց, խաղի պարագա, պաշտամունք, երևակայական էակ, ներպատկեր, դիմանկար, անորոշ պատկեր, զարդանախշ, խորհրդանշան և տառանման նշան: Պատկերները դասդասվում են նաև ըստ արտաբովանդակային, ձևաստեղծ կողմերի՝ առկա է պատկերագրական ինը ոճ, իրականացման չորս կերպ և կատարման հինգ վիճակ:
Այս կերպ դասակարգված բովանդակային խմբերի պատկերների մեծ մասը հարատևել են հայոց մշակույթի մյուս ոլորտներում։