Թաղիքի Օր Գավառում

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ – ՏՈՆԱՀԱՆԴԵՍ
ԹԱՂԻՔԻ ՕՐ ԳԱՎԱՌՈՒՄ
Թաղիքագործությանը (քեչայի պատրաստմանը) նվիրված աննախադեպ միջոցումների շարք։
Նախաձեռնող` «Կենաց տուն» մշակութսյին հասարակական կազմակերպություն։
Շարքի առաջին միջոցառումը` ԹԱՂԻՔԻ ՕՐ ԳԱՎԱՌՈՒՄ վերտառությամբ, իրականացվում է Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, մարզային եւ քաղաքային գրադարանների հետ։
Միջոցառման նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության եւ մասնավորապես Գավառի տարածաշրջանի ավանդույթների եւ ներկա զարգացումների հետ, նպաստել դրանց տարածմանը, ազգային մշակութային արժեքների ճանաչողությանը եւ վերարժեւորմանը, խթանել ժամանակակից դրսեւորումները եւ այլն։
Միջոցառման նկարագրությունը եւ ընթացքը.
1.Թանգարանի թաղիքե իրերի հարուստ հավաքածուի ցուցադրություն` թաղիքե գորգեր` քեչաներ, եւ այծենակաճներ` յափնջիներ, գործիքներ եւ այլն։
Բացման արարողություն` Գեղարքունիքի երկրագիտակսն թանգարան – ժամը` 11.00։
2.Թաղիքի պատրաստման ընթացքի վերաբերյալ տարիքավոր ականատեսների պատմություններ։ Թանգարանի ցուցասրահ – ժամը` 12.00, 13.00, 14.00։
3. Ավանդական եղանակով քեչա գցելու, այսինքն թաղիքից գորգ պատրաստելու արարողություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները – Զորավար Անդրանիկի փողոց, սկիզբը` ժամը 11. 30։
Թաղիքի գցման արարողությունը ընթանալու է ավանդաբար ուղեկցվող երգ ու պարով։ Վերարտադրվելու է Գավառի թանգարանում պահվող հին քեչայի մաշված մի նմուշ եւ պատրաստված նմուշը նվիրվելու է թանգարանին։
4.Ոչխարների հայկական ցեղատեսակների եւ գառների, բրդի տեսակների ցուցադրություն։
Ժամը 11.00 – 16.00։
5. Թաղիքին նվիրված «Արհեստը ոսկի ա» հայկական ժողովրդական հեքիաթի ինտերակտիվ ներկայացում («Կծիկ» փորձարարական թատրոն)։ Ժամը – 12.00, 15.00։
6. «Արհեստը ոսկի ա» հեքիաթի ընթերցում Բայազետի բարբառով։ Գեղարքունիքի մարզային գրադարան։
Ժամը – 12.30, 13.30, 14.30։
7. Բրդի վերամշակմանը եւ գործիքներին նվիրված հորինված պատմությունների ներկայացում Գավառի քաղաքային գրադարանի կողմից։ Զորավար Անդրանիկի փողոց։
Ժամը` 13.00, 14.00,15.00։
8. Թաղիքե ու այլ իրերի տոնավաճառ։ Գավառի, Երեւանի եւ այլ տարածաշրջանների վարպետներ կներկայացնեն իրենց աշխատանքները։
Ժամը` 11.00 – 16.00։
9. Թաղիքե իրեր պատրաստելու վարպետաց դասեր։
Ժամը` 12.00 – 15.00։
10.Տարածաշրջանի ուտեստների ու քաղցրավենիքի տոնավաճառ, Բայազետի հայտնի քյուֆտայի, փախլավայի, գաթայի եւ այլնի համտես։
Ժամը` 11.00 – 16.00։
11. Ելույթ կունենա հանրահայտ ՄԱՍՈՒՆՔ ազգային երգի ու պարի խումբը։
Ներկաները կսովորեն «Քեչին վրեն»` թաղիք գցելուն նվիրված պարը եւ պարով կներգրավվեն քեչայի պատրաստման ընթացքի մեջ։
Ժամը` 11.30 – 16.00։
Տոնական տրամադրությունը կապահովեն նաեւ Գավառում գործող ազգային պարի խմբերը եւ անհատ կատարողներ։
Միջոցառման ընթացքում կարող եք մասնակցել հանգանակության` ի նպաստ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի բարեկարգման։
Համեցե’ք մասնակցելու, ծանոթանալու մոռացված ավանդույթների հետ, ուրախանալու, պար բռնելու, վայելելու Գավառ քաղաքն ու նրա հյուրասիրությունը։
Երեւանից Գավառ եւ վերադարձի համար կարող եք պատվիրել տեղ միկրոավտոբուսում վճարելով 3000 դրամ, կամ օգտվել միջքաղաքային տրանսպորտի ծառայությունից. Գազել միկրոավտոբուսները մեկնում եւ վերադառնում են կես ժամը մեկ, մեկ ուղղության փոխադրավարձը` 1000֏ ։ Ուղեւորության տեւողությունը` 1. 5 ժամ է։ Միջոցառման սկիզբը` 11.00, ավարտը ` 16.00։
Ավարտից հետո ցանկացողները կարող են մասնակցել Գավառի գողտրիկ անկյուններից մեկում ժամը 17.00 – 19.00 – ը կազմակերպվող համերգ – ընթրիքին` վայելելով տիկին Անահիտի պատրաստած Բայազետի խոհանոցի համեղ խորտիկները եւ կիթառի հնչյունների տակ թեւածող քաղաքային երգերը ` երիտասարդ երգչուհի Սոնյա Օհանյանի կատարմամբ։ Համերգ – ընթրիքի վճարը` 5000֏։ Ընթրիքի մասնակիցների վերադարձը Երեւան ապահովվում է։
Գավառը սիրով սպասո’ւմ է ձեզ։
20.07.2019.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *