10 Սեպտեմբերի 1981թ․
Փայտարվեստի թանգարանի փոքրիկ ցուցասրահը, հիրավի, մի դյութող-գրավիչ անկյուն է, որի կողքով երբեք անտարբեր չեն անցնում։
Սովորաբար, թանգարանները ծնվում են մի քանի արվեստագետների կամ արվեստագետների մի ամբողջ սերնդի աշխատանքների համատեղ ցուցադրումից։ Ծնվում են այն ժամանակ, ,երբ ստիպում է հավաքված հսկայական նյութը։ Իսկ այս թանգարանի հետ կատարվեց ճիշտ հակառակը․ ներկայացված սկզբնական նմուշները, որոնք հիմնականում ժողովրդական անհայտ վարպետների աշխատանքներ էին, դեպի իրենց ձգեցին երիտասարդների մի մեծ խումբ, որոնք թանգարան այցելելուց հետո իրենց մեջ արարելու պահանջ զգացին։ Եվ մարդիկ, որոնք երեկ վարորդ էին, կռունկավար և էլի հազար ու մի մասնագիտության տեր, ձեռքը վերցրին կտրիչը և կերտեցին կիրառական արվեստի հիանալի նմուշներ, որոնք շրջապատողների մեջ այնքան դրական հույզեր են ծնում։ Այո, տեղին է ասել ՝ թանգարանը ծնեց իր վարպետները, որոնք, օրեցօր հարստացնելով թանգարանային էքսպոզիցիան, ոչ միայն շարունակում են ժողովրդական փայտարվեստի բարի ավանդույթները, այլև այն դարձնում ժամանակակից, արդիական արվեստ։
Այս անգամ էլ այցելելով փայտարվեստի թանգարան, ես երկար կանգ առա Վանո Դադոյանի աշխատանքներն ամփոփող ցուցափեղկի առաջ։ Ինձ գրավեց դրանց ժամանակակից և, միաժամանակ, խորապես ազգային շունչը։
- Հետաքրքիր վարպետ է, – ասաց ինձ մոտեցած թանգարանի տնօրեն Սոլախյանը, ցույց տալով Վանոյի մի շարք աշխատանքներ։
Դրանք սկուտեղներ էին, գաթանախշեր, գդալներ ու շերեփներ, զարդատուփեր ու թուղթ հատելու դանակներ, պահպանակ-դաղդղաներ։ Վերջին աշխատանքները գերակշռում են, և նկատելի է, որ վարպետը մեծ սիրով է աշխատում դրանց վրա։
-Ահա և վարպետն ինքը, – ասում է Հ․ Սոլախյանը, ցույց տալով մեզ մոտեցող մի բարձրահասակ երիտասարդի։
Ճիշտն ասած, առաջին հայացքից չես հավատում, որ տեսածդ գործերի հեղինակն այդքան երիտասարդ է, գրեթե պատանի։ Նրա կրծքին տարուբերվում է մի զանգակաձև փայտե պահպանակ։
- Ինձ հայտնի է, – դիմում եմ Վ․ Դադոյանին, – որ Դուք ևս, Ձեր արվեստակիցներից շատերի նման, չունեք մասնագիտական կրթություն և այս առումով փայտարվեստի թանգարանի հարազատ զավակն եք։ Խնդրում եմ պատմեք, թե ինչպես գրավվեցիք փայտարվեստով։
– Սերը փայտի նկատմամբ մեջս կար մանկուց։ Դեռևս այն ժամանակ փայտն ինձ համար լինում էր երկու տեսակ՝ լավ և վատ ։ Ձեռքս վերցնելով «լավ փայտի»՝ հաճարենու կամ ընկուզենու մի-մի կտոր, սկսում էի դրանց վրա զարդեր փորագրել, երբեմն ուղղակի գրում էի։
- ՈՒրեմն, ինչպե՞ս եղավ, որ դպրոցն ավարտելուց հետո Դուք, անտեսելով Ձեր նախասիրությունը, ընդունվեցիք պետհամալսարանի մի ֆակուլտետ, որը փայտարվեստի հետ շփման ոչ մի եզր չունի։
– Վերջերս ինքս ինձ տվեցի նույն հարցը և հիմա կարող եմ պատասխանել։ Ինչ որ ես անում էի մանկությանս տարիներին, ինչով զբաղվում էի, մի տեսակ տարերային էր։ Ես երբեք չէի մտածել այն մասին, որ փայտագործությունը կարող է դառնալ մասնագիտություն, ավելին՝ որ դա արվեստ է։ Ես դա համարում էի ուղղակի գեղեցիկ զբաղմունք։ Արդեն չորրորդ կուրսի ուսանող էի և համարյա մոռացել էի իմ առաջին նախասիրության մասին, երբ բացվեց փայտարվեստի թանգարանը։ Այցելելով թանգարանի ցուցասրահը, հասկացա, թե ինչ ասել է փայտարվեստ, և նորից ձեռքս վերցրի հատիչը։ Գործի կպա ամենայն լրջությամբ և պիտի ասեմ, որ դրանում մեծ ավանդ ունի թանգարանի տնօրեն Հենրիկ Սոլախյանը։
- Ձեր աշխատանքներում գերակշռում են պահպանակ-դաղդղաները․ Ի՞նչ կարող եք ասել փայտարվեստի այդ նմուշների մասին։
– Ընդհանրապես, պահպանակներն ունեն շատ ավելի հին պատմություն։ Բավական է ասել, որ հայկական լեռնաշխարհում դրանք պատրաստել են դեռևս անհիշելի ժամանակներում և ոչ միայն փայտից։ Պահպանակները նախատեսված էին չար աչքից, չար լեզվից, չար մտադրությունից, մի խոսքով՝ չարից պահպանելու այն ամենը ինչ պահպանելու կարիք զգացող առարկաները, իսկ ամեն մի առարկա մի որոշակի ձևի պահպանակ էր պահանջում, ապա այդ արվեստը (կամ այն ժամանակ դեռ արհեստը) դարձավ ազատ, իմպրովիզացիոն։ Պետք է ասել, որ պահպանակների արձագանքները պահպանվել են մինչև այսօր։ Դեռ որոշ գյուղերում մենք կարող ենք հանդիպել շղթայով դաղդղաներ կրող անասունների, ձեռքներին փոքրիկ զանգակաձև պահպանակներ կապած նորածին և փոքր երեխաների։ Նշենք, որ կնիքը առաջացել է պահպանակի գաղափարից, որ այն իրենից հենց պահպանակ է ներկայացնում։
- Ի՞նչ եք Կարծում, փայտային զարդարվեստը որևէ նախահիմք, սնման աղբյուր ունի՞, դե, ասենք, ի դեմս հնագույն ճարտարապետական կոթողների վրա կատարված խորաքանդակների, մեր խաչքարային արվեստի։
– Ինչպես մարմնի մասերն են համաչափ զարգանում, այնպես էլ հայկական զարդարվեստը զարգացել է համաչափ, իսկ այն փաստը, որ մենք այսօր չունենք խաչքարերի տարիքի փայտարվեստի նմուշներ, ապա մեղքը ոչ թե վարպետներինն է, ովքեր իբր չեն ստեղծել, այլ նյութինը, որը չի պահպանվել։
- Ինչի՞ վրա եք աշխատում այժմ։
– Այժմ Հենրիկ Սոլախյանի և Ալբերտ Հարությունյանի հետ աշխատում եմ Հայրավանքի դռների վրա։ Արդեն արված են բոլոր էսքիզները, դռների վահանները պատրաստ են և երևի շուտով դռները ևս պատրաստ կլինեն։
- Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք։
Որոշել եմ ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, որն ավարտելով հույս ունեմ նախասիրություններս օգտագործել ընտրածս բնագավառում։ Երբ աշխատանքը բավականություն է պատճառում, ապա շատ ավելի արգասաբեր է լինում։
- Շնորհակալություն զրույցի համար։ Թող Ձեր բոլոր ծրագրերը իրականանան։
Ես դուրս եմ գալիս Երևանի ամենաերիտասարդ թանգարանից և ճանապարհին մտածում, որ եթե մեր կիրառական արվեստի այս հնագույն ճյուղի պահպանումը այնպիսի երիտասարդների ձեռքում է, ինչպիսին Վանոն է, ապա մենք նրա հետագա ճակատագրի համար մտահոգվելու ոչ մի պատճառ չունենք։
Ա․ Թովմասյան