«Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության զարգացում»

Նպատակների և գործունեության համառոտ նկարագիր
Ներկայումս ողջ աշխարհը, այդ թվում նաև Հայաստանն ու հայկական Սփյուռքը աստիճանաբար մտնում են աշխարհաքաղաքական խորքային և դեռևս անհայտ փոփոխությունների հորձանուտը։ Սրընթաց արագությամբ ծնվում են նոր մարտահրավերներ՝ ազգային ինքնության, հոգևոր մշակույթի և արժեհամակարգի պահպանման, տնտեսական զարգացման, ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքների վերացման, համավարակների դեմ պայքարի և պետական կառավարման գործնականորեն բոլոր կարևոր հարթություններում։ Թավշյա հեղափոխությունից հետո հայտարարվեց տնտեսական բարեփոխումների մեկնարկի մասին, որոնք սակայն հապաղում են կամ դեռևս համարձակ չեն։ Ընդգծվում է զարգացման բազմավեկտորային և բազմաոլորտային ջանքերի համատեղման անհրաժեշտությունը, քանզի որևէ ոլորտի էական բարեփոխում չի կարող իրականացվել առանց փոխկապակցված այլ ոլորտների հետ ներդաշնակ զարգացման ապահովման։ Հայաստան-Սփյուռք կրթական և տնտեսական գործակցության զարգացումը, առկա ներուժի համախմբումը, գերակա ուղղություների սահմանումն ու ջանքերի համատեղումը հայության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն ուղիներից մեկն է։ Տնտեսական ռեսուրսներից բացի՝ և Հայաստանում և Սփյուռքում առկա են բազմաթիվ ոլորտներում հարուստ փորձառություն, գիտելիք և հմտություններ, որոնց արդյունավետ համատեղումը կարող է ծնել նոր գաղափարներ, ստեղծել աշխատանքային և համագործակցության նոր մշակույթ, մրցունակ ապրանքներ, ծառայություններ և հավելյալ արժեք:
Արևահովիտը ջանքեր է ներդնելու Հայաստանի և հայկական Սփյուռքի տնտեսական ներուժի համատեղման մի շարք նոր սկզբունքների, նախաձեռնությունների, մասնավորապես՝ փոքր, միջին և սոցիալական ձեռնարկատիրության թիրախային ոլորտներում համագործակցության աջակցման ուղղությամբ։ Մասնավորապես․
  • ստեղծվում է հաղորդակցման, գործարար կապերի նախաձեռնման և համագործակցության Հայաստան-Սփյուռք էլեկտրոնային հարթակ (Hub),
  • նախաձեռնվում է փոքր, միջին և սոցիալական ձեռնարկատիրության ոլորտներում Հայաստանում և Սփյուռքում առկա ներուժի քարտեզագրում,
  • կկազմակերպվեն գործարար կապերի վերաբերյալ համաժողովներ, աշխատանքային խմբերի քննարկումներ, կսահմանվեն առաջնահերթություններ, կսահմանվեն ռազմավարական և մարտավարական լուծումներ, նաև իրագործման կոնկրետ պլաններ,
  • կքննարկվեն և կյանքի կկոչվեն փոխվստահության մթնոլորտի համակարգման և ամրապնդման, երկկողմանի ներդրումների, համատեղ ծրագրերի, տնտեսության ցանցային ինտեգրման, համագործակցության նոր մշակույթի զարգացման հնարավորություններ,
  • աստիճանաբար կստեղծվի հաղորդակցության և համագործակցության նոր միջավայր՝ աշխարհի ցանկացած անկյունում ապրող և տնտեսապես ակտիվ հայերի համար, որոնք անտարբեր չեն հայի ինքնության պահպանման, ազգային ինտեգրացման և տնտեսական համագործակցության խնդիրներին և կարող են իրենց փորձը, գիտելիքները, ժամանակի մի մասը և այլ ռեսուրսներ շահավետորեն ներդնել տնտեսական զարգացման ընդհանուր նպատակի իրագործման գործում։