Ինչպես գեներացնել հայոց հավաքական ուժը կամ ինչպես Դավթին հանել հորից

Սա վերլուծական է՝ ծնված մեր դժնդակ օրերի մասին խոհերից: Դժնդակ, քանի որ այժմ մեր ողջ ազգն է գտնվում ընկճախտի և անհուսության տիրույթում, որից դուրս գալու ելքեր են փնտրում գրեթե բոլորը։ Բացասական մտքերը տարածվում են բերնեբերան ու դարձել են խանգարող գերան: Հիմնական հարցն այն է, թե այդ գերանները կարո՞ղ են արդյոք միավորվել ու կամուրջ դառնալ այն անդունդի վրա, որին մեզ հասցրել են ապիկար իշխանությունները, մասամբ նաև մեր բոլորի մեղքով։ Սակայն, անկախ այն բանից, թե ինչքան խորն է այդ անդունդը կամ հորը, նույնիսկ եթե ողջ աշխարհն էլ մեր դեմ ելնի, ես համոզված եմ, որ հորից դուրս գալու հնար կա: Հիշենք, որ մեր հերոսները երկար չեն մնում հորում, թեկուզ «քառսուն ջաղչի քարով» ծածկված լինի այն։ Հիշենք, թե ինչպես զորավոր խոսքի շնորհիվ Դավիթը դուրս եկավ հորից և, նույն կերպ անսալով խրատական խոսքին, հաղթեց թշնամուն։ Դա սովորական խրատ չէ, այլ ծերունու կամ պառավի շուրթերից հնչող և ժողովրդի իմաստությունը իր մեջ խտացրած ու զտած խոսք՝ ուղղված հատկապես պատանիներին ու երիտասարդությանը՝ նրանց հաղթական ուժ փոխանցելու նպատակով։
Իսկ ո՞րն է այդ զորավոր խոսքը մեր օրերում: Դրան ականջալուր լինելու համար նախ հարկավոր է հիշել, որ մեր մշակույթը առաջադիմական է ու նորարարական, իսկ մեր ծերացած այրերն ու միջին սերնդի անհաջողակ գործիչները ինքնակամ պետք է հեռանան մեր շահերը չներկայացնող իշխանավորների հետ մեկտեղ։ Սա անխուսափելի պահանջ է և մեր բզկտված տնտեսությունն ու պետական կարգը վերականգնելու նախապայման։ Սա միակ օրակարգն է, որ կարող է միավորել ազգի բոլոր առողջ ուժերին։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի մեր ազգի համար տեսանելի ու կիրառելի և աշխարհի համար ընդունելի լուծումներ առաջադրել։ Փորձեմ ձևակերպել այդ ուղղությամբ առաջին քայլերը: Այսպես.
1. Ազատվել այս հայհոյական ու թշնամական գոռում-գոչյունից: Եթե իրականում այդ յոթհարկանի հայհոյանքից օգուտ լիներ, մենք այսօր այսքան հակադիր ու պառակտված չէինք լինի։
2. Հարկավոր է ձևավորել նոր օրակարգ՝ առանց սրա-նրա պոչից կառչելու, ինչը վստահաբար անհեռանկար ու վտանգավոր է վերջում կրկին պոչամասում կամ որ նույնն է՝ կեղտի մեջ հայտնվելու առումով։
3. Մեր բոլոր հույզերը, տխրությունը, սգակիր վիշտն ու մտորումները պետք է վերափոխենք դրական ու լուսավոր էներգիայի, քանզի մեր ինքնության գումարելին դրական մոտիվացիաների վրա է հիմնված, և միայն այս ճանապարհով է հնարավոր գործադրել մեր Աստվածատուր հավաքական զորավոր ներուժը։
4. Համահայկական առողջ ուժերով ձևավորենք մեր ազգային պետության տեսլականը, առանց որի անհնար է ազատվել այս կազմալուծված ու խմբային շահերի սպասարկու պետական և կուսակցական սպառված կառույցներից։
Այս քայլերից հետո միայն հնարավոր կլինի խոսել համահայկական ներուժի արդյունավետ գործադրման մասին՝ իր երեք բաղադրիչների՝ նյութական, մտավոր և հոգևոր բոլոր դրսևորումներով։
Քաղաքական ու գործնական հետագա քայլերն առավել խորությամբ կներկայացնենք, երբ կվերլուծենք մեր բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքները։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ազգային պետության ձևավորման խնդիրներով, սակայն որոնց առայժմ չենք հասցրել հանդիպել, կարող են ազատորեն հանդես գալ առաջարկներով, որոնք սիրով կլուսաբանենք։ Բարին բոլորի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *