Ես՝ Վանո Դադոյանս, ժամանակավորապես խոնարհում եմ իմ բազմաբնույթ «ես»-երի գլուխները՝ ի նպաստ ազգային համախմբման։
Այսօր անթիվ ու անհամար նախաձեռնություններ ու կուսակցություններ համախմբման կոչ են անում, սակայն դա այդպես էլ տեղի չի ունենում։ Բայց եթե այդ խմբերից յուրաքանչյուրում գոնե տասը մարդ կա, որ իսկապես պատրաստ է համախմբման, ապա պարտավոր է կազմակերպված կերպով փողոց դուրս գալ: Մոտավոր հաշվարկով այդ մարդկանց թիվը տասը հազար կկազմի [10×1000], և այդ շարժումը կարող է մեծ թափ հավաքել։ Այս պահին դա է մեր ցավոտ խնդիրների և ընտրություններում հաղթելու միակ ճանապարհը։
Հիշեցնեմ, որ այժմ մեր խնդիրներն այն աստիճանի են բարդացել, որ դրանք միմիայն համահայկական միասնականությամբ կարող ենք լուծել։ Մենք պետք է հասկանանք, որ այս ընտրությունները չեն կարող նպաստել մեր ազգի առջև ծառացած գերխնդիրների լուծմանը շատ պարզ պատճառով: Միայն Հայաստանում ապրող հայերը կազմում են ողջ հայության մեկ հինգերորդ մասը, մինչդեռ հողն ու հայրենիքը պատկանում են ողջ հայությանը, ուստի հողի ու հայրենիքի հարցերը նույնպես ողջ հայությանն են։ Այժմ ժամն է իրակա՛ն համախմբման: Մեր սրբազան հայրենիքը վտանգված է, միասին դուրս գանք անցյալի ու ներկայի համակարգերից, որոնք ոչ թե նպաստեցին մեր ներուժը գործադրելուն, այլ փոշիացրին այն։
Մեր առաջնահերթ խնդիրն է՝ համախմբվել մեր արժեհամակարգի շուրջ: Այդ սկզբունքի վրա կազմավորվող պետական համակարգը կարող է լուծել հայության խնդիրները և ապահովել մեր պատվավոր տեղը համաշխարհային գործընթացներում:
Այլևս մի՛ վարանիր, միացի՛ր։
Վանո Դադոյան