Աշխարհի գրեթե բոլոր երեխաներն ունեն նույնպիսի կարգ։ Դա անաղարտության կարգն է, որով էլ բոլոր երեխաները նման են իրար՝ որտեղ էլ լույս աշխարհ եկած լինեն։ Հարցն այն է, թե հետագայում նրանցից քանի՞սն են կարողանում պահպանել իրենց մանկության կարգը, այլ կերպ ասած՝ իրենց ներքին սահմանադրությունը:
Հանգամանքների բերումով բազմաթիվ երկրներում եմ եղել, որոշ երկրներում՝ մի քանի անգամ՝ Ճապոնիա, Գերմանիա, Սիրիա, Հնդկաստան․․․ Պետք է խոստովանեմ, որ չգիտեմ այդ երկրներից և ոչ մեկի սահմանադրությունը, բայց ոչ մի երկրի սահմանապահ ինձ սահմանադրությունից հարցեր չի տվել: Հետագայում էլ ոչ մի խնդիր չի առաջացել, քանի որ, պարզ է, ոչ մի խախտում չեմ արել։ Եվ դա՝ շնորհիվ իմ ներքին կարգի, ներքին սահմանադրության, որը, ամենայն հավանականությամբ, համահունչ է եղել համընդանուր կարգին։
Հիմա մեր երկրում շատ բան է խախտված: Մենք երեք սահմանադրություն ենք ընդունել, սակայն դրանց բոլորին էլ ժողովուրդն անհաղորդ է մնացել, իսկ իշխանավորը ոնց ցանկացել, այնպես էլ խեղել է դրանք։ Եվ հեռանկարում չի նշմարվում գեթ մի կարգ, որը կարող է միավորել բոլորին։ Իսկ մեր մանկության կարգից շատերս հեռացել ենք:
Երբ ես վեց տարեկան էի, ունեի իմ պարզ սահմանադրությունը, որն ինձ համար շատ կարևոր էր: Սակայն մինչ դրան անդրադառնալը նշեմ, որ կան բազմաթիվ սահմանադրություններ կամ կարգեր, որոնցով առաջնորդվում են մարդիկ, մարդկանց խմբերը, երկրները, բնությունը, տիեզերքը և այլն։ Ամենահին ու մշտնջենական, սակայն դեռևս քիչ հայտնի սահմանադրությունը Արարչակարգն է, որին հաջորդում են տիեզերակարգը, բնության ու գերբնական կարգերը, ապա համաշխարհային, միջազգային, կրոնական, պետական, քաղաքային, ընկերային, խմբային, անգամ, ներեք արտահայտությանս համար՝ գողական և այլ սահմանադրություններ։ Ես ինքս և՛ տարիներ առաջ, և՛ հիմա կողմ եմ մեր արժեհամակարգից բխող համահայկական սահմանադրությանը կամ որ նույնն է՝ համահայկական միասնական ազգային կարգին։ Թեև նրա ձայնը վաղուց է հնչել մշակույթի միավորող առանցքում, սակայն այդպես էլ չի ստացել համազգային ընդունելի ձևակերպում ու չի ամրագրվել մեր հոգիներում։
Իսկ այժմ իմ մանկության կարգի մասին։ Բնականաբար, վեց տարեկանում ես չգիտեի ո՛չ կարգի, ո՛չ էլ, առավել ևս, սահմանադրության մասին, սակայն մի խոր ատելություն սեպվեց «սովետի» ու իմ միջև և ուղեկցեց ինձ ողջ կյանքում։ Դա մի անհասկանալի ատելություն էր «սովետի» առաջնորդ Լենինի հանդեպ։ Ահա հենց այդ ժամանակվանից ես ստեղծեցի մի երևակայական կղզի, որտեղ ես էի թագավորը և ունեի կյանքի շատ պարզ բանաձև. ես առաջնորդվում էի գերագույն ուժերով, այն է՝ Հոր խրատով ու Մոր օրհնանքով: Այդ բանաձևը դարձավ իմ կյանքի գլխավոր ուղեկիցը։ Տարիների ընթացքում այն զարգանում էր՝ միշտ մնալով նույնը։ Ասեմ, որ այս բանաձևն ունի եռաշերտ դրսևորում և նորովի զարգացման ունակություն։ Ահա այդ դրսևորման որակները։ Նյութական տիրույթում այն համապատասխանում է մարդու՝ մինչև պատանեկության տարիքն ընկած ժամանակահատվածին. ինձ համար ճանաչողության բանալին հորս խրատն էր, աշխատանքիս գնահատականը՝ մորս օրհնանքը։ Մտավոր տիրույթում (բարձր դասարաններ և ուսանողական տարիներ) գիտելիքի աղբյուրը գրեթե նույնն էր, միայն թե հորս խրատն արդեն հարստանում էր ուսուցչի ու մաթեմատիկայի հայրերի միջոցով, իսկ մորս օրհնանքը նույնն էր, ինչ տիեզերամոր օրհնանքը: Հոգևոր տիրույթում (հասուն տարիք) արդեն հայրական խրատը բանաձևվում է «Հայր իմ Արարիչ ամենայնի» խոսքերով, իսկ մայրական օրհնանքը բարձրանալով վերաճում է «Մայր Ամենայնի համատիեզերական օրհնություն» բանաձևի։
Այս է կյանքի իմ բանաձևը, որը կարող է լինել նաև հավիտենականության սահմանադրություն։ Եվ ահա, թողած մանուկին տրված տեղն ու կարգը, որն իր կարևորության շնորհիվ զետեղված է նաև Ավետարանում, ուզում ենք այս փոխադարձ վայրահաչոցում գտնել կամ լսել բարի լուր: Այստեղ են ասում՝ խելքին աշեցե՛ք։
Ուշքի ե՛կ, ո՛վ հայ ազգ, քո հայրենիքը արնածոր է, իսկ սպեղանին մենք բոլորս պիտի գտնենք․․․
Վանո Դադոյան