Զարմանալի իրավիճակում ենք հայտնվել: Թվում է՝ անկումը դանդաղում է, սակայն ակնհայտ է, որ դեռ շատ խութեր ու չլուծված հարցեր կան: Ուստի մեզ անհրաժեշտ է գտնել այն հենակետը, որտեղից կսկսվի վերելքը: Ամենակարևոր հենակետը ողջ հայության գիտակցության փոփոխությունն է և այն շատ կարևոր գաղափարը ներշնչելը, որ այս երեսուն տարում գրեթե ոչինչ չենք արել մեր նշանակալի ու դարակազմիկ հաղթանակի հաստատագրման համար։ Մոռացել ենք, որ մեր նախնիները հաղթանակն ամրագրում էին եռաշերտ մակարդակով։
Առաջին մակարդակում նյութական հաղթանակն է, ինչը մեր հերոս տղաներն ապահովեցին միասնական կամքով, նվիրական ջանքերով ու անձնազոհությամբ: Երկրորդ մակարդակում պիտի ամրագրեինք մեր մտավոր հաղթանակը՝ օգտագործելով մեր մշակութային, դիվանագիտական և հոգևոր բոլոր կառույցները: Ցավոք, այստեղ մեծ բացթողում ունեցանք՝ տրվելով մանիպուլյատիվ ու անհեռատես գործողությունների: Երրորդ՝ հոգևոր հաղթանակը լիովին բարձիթողի վիճակում է: Այստեղ տեղին է համեմատությունը մեր վիպերգի այն դրվագի հետ, երբ Դավիթը հաղթում է Մելիքին իր վերջին զորավոր զարկով, ազատություն է տալիս Մելիքի զինվորներին, որոնք անմիջապես միակամ օրհնում են Դավթին՝ ընդունելով նրան որպես ընդհանուրի ազատարարի ու խախտված համակարգը խափանողի։ Մենք ևս ունեինք այդ հնարավորությունը, եթե հաշվի առնենք բռնապետական համակարգի և բազմաթիվ ճնշված ազգությունների առկայությունը Ադրբեջանում: Սակայն մենք ցավալիորեն բաց թողեցինք մեր հնարավորությունը և, ընդհակառակը, արեցինք անդեմ ու անկամ քայլեր, որոնք, դժվար է ասել, գիտակցվա՞ծ էին, թե անտեղյակության հետևանք։
Ահա այս ամենը հանգեցրեց այսքան ցավալի, բայցև կանխատեսելի իրողության։ Այժմ միակ հնարավորությունը համահայկական ամբողջ ուժերի համադրմամբ իրական ու միասնական նպատակներ գեներացնելն է՝ մոռանալով արտերկրի և հայաստանցի հայերի միջև ստեղծված անիմաստ ու արհեստական անջրպետը. չէ՞ որ մենք մի ազգ ենք, և մեր խնդիրները պարտավոր ենք լուծել միասնաբար։
Թեև այս գիտակցումը կամաց-կամաց օրակարգային է դառնում, և բոլորը խոսում են միասնությունից ու միասնական ճակատ ձևավորելուց, սակայն, զարմանալիորեն, տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ ի հայտ են գալիս նորանոր խմբեր ու կուսակցություններ։ Դրա պատճառը բազմաշերտ է, սակայն առաջին հերթին ուզում եմ նշել մեր բոլորի չափազանց անձնավորված, տրոհված լինելն ու տարբեր գաղափարաբանությամբ առաջնորդվելը: Կարևոր պատճառ է նաև տարբեր ուժերի կողմից խոչընդոտների միտումնավոր ստեղծումը՝ հանուն իրենց գերշահերի: Վերջապես, պետք է խոստովանել, որ մենք վաղուց ի վեր կորցրել ենք մեր հոգևոր ու քաղաքակրթական լուսավոր առաքելությունը։
Պատճառների ու ելքերի մասին ավելի հանգամանալից՝ առաջիկայում: Իսկ մինչ այդ կցանկանայի իմանալ ձեր կարծիքներն ու տեսակետները: