Պահենք ու պահպանենք մեր մշակույթը Հայոց օջախներ – «Կենաց տուն»

 

2010 թ

Կյանքի տուն է կոչվում մշակութային այն կազմակերպությունը, որի հիմնադիրները՝ ամուսիններ Վանո Դադոյանը և Լալա Մնեյանը փորձում են հայեցի շունչ ու ոգի պահել՝ կազմակերպելով զանազան միջոցառումներ՝ ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ հայ ժողովրդի ծագման ու պատմության, մշակութային անանց արժեքների, պատմական հուշարձանների, մեր ոսկեձեռիկ վարպետների ու գրողների և այլ թեմաների մասին։

Նվիրումով և ջերմեռանդորեն այս ներդաշնակ ընտանիքի յուրաքանչյուր անդամ (զավակները ՝ Վանենի, Վանատուր և Վարդան Դադոյանները) իր սուրբ պարտքն է համարում մի քար դնել հայրենիքի բարօրության, բարեշինության, ներկայի և գալիքի հիմնասյուներին։

«Սիրի՜ր քո պետությունը, ինչպես քո տունը, և այն կդառնա դրախտավայր»․ Սա կազմակերպության նախագահ Վանո Դադոյանի հավատո հանգանակն է, նրա կոչը բոլոր հայորդիներին, ում համար թանկ է Հայաստան աշխարհը, մեր հոգևոր արժեքները, մեր պատմությունը, մեր մշակույթը։ «Կենաց տուն»- ն ունի մի կարևոր, առաջնորդող նպատակ, այն է՝ ճանաչել, գնահատել, պահպանել ազգային արժեքները և այդ հենքի վրա հաղորդակցվել համաշխարհային մշակութային նվաճումներին։

«Կենաց տան» -ն անդամակցում են տարբեր տարիքային խմբերի մարդիկ՝ տարբեր մասնագիտական հմտություններով։ Այս կազմակերպությունը համակիրներ ունի ոչ միայն հայրենիքում, այլև եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Բելգիայում, Դանիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում և այլուր։

Կազմակերպությունն իրականացրել և շարունակում է իրականացնել հետաքրքիր ծրագրեր, որոնց մեջ առանձնանում են հայկական արվեստի, ավանդական արհեստների մի շարք ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում։ Հիշարժան են «Հայկական մշակույթի օրերը» Գերմանիայի Լանդսբերգ քաղաքում, ուր կազմակերպվել էին երկշաբաթյա ցուցահանդես վաճառք, համերգներ, ընթերցումներ, ծանոթացում հայկական ավանդույթներին, խոհանոցին, տարազներին և այլն։

Մասնակցելով «Expo-98» Լիսաբոն 1998, «Expo-2000» Հանովեր, «Jetro-2001» Ճապոնիա, «Հայ արվեստի օրեր» – Մարսել 2002, «Հայ արվեստի փառատոն» – Բելգիա 2004, «ժողովրդական արվեստի համաշխարհային առաջին փառատոն», Հոլանդիա և այլ ցուցահանդեսների՝ «Կենաց տունը»- ը կարողացել է բազմազգ այցելուների մոտ հիացմունք ու զարմանք, հետաքրքրություն առաջացնել հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ։

«Կենաց տանը» գործում են կարպետագործության, ասեղնագործության, խեցեգործության, փայտարվեստի, ձեռքի աշխատանքի մշտական դասընթացներ, ինչպես նաև բնաճանաչողական, անհատականության զարգացման մշակութային ակումբը պատանիների համար ։

Ուղևորություններ են կազմակերպվում դեպի Հայաստանի տեսարժան տարբեր վայրեր, պատմամշակութային հուշարձան-համալիրներ, թանգարաններ։

Իրականացված դրամաշնորհային ծրագրերի մեջ շատ են կարևորվում հաշմանդամ և կարիքավոր երեխաների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացները՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղ» -ի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գորգագործության ուսուցումը Լոռվա Արևաշող գյուղի կանանց համար՝ Մայր Աթոռի «Կլոր սեղան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

«Կենաց տուն» կազմակեռպության բազմաթիվ նախաձեռնություններից մեկն էլ «Մաքուր Երևան» շարունակական ծրագիրն է։

Վանո Դադոյանի և Լալա Մնեյանի այս մեծածավալ և հայրենանվեր գործունեությանը քչերն են ծանոթ, քանզի գովազդը չէ նրանց հիմնական նպատակը, այլ ազգային մշակույթի, արվեստի միջոցով աշխարհին ներկայացնել հայի խորհուրդն ու առաքելությունն այս մոլորակում, ինչպես նաև միավորել տարբեր դավանանքների և ազգությունների մարդկանց մեկ առանցքի՝ մշակույթի շուրջ։

Մասնագիտությամբ մաթեմատիկոս Վանո Դադոյանը ուսումնասիրել է հայկական բանահյուսությունը, զբաղվել է իմաստասիրությամբ, Դավիթ Անհաղթի աշխատանքներով և դրանց հիման վրա վեր է հանել հայի կերպը, վերծանել է հայի աշխարհայացքը և ամբողջական նկարագիրը։ Բազմաշնորհ հայորդին նաև խաչերի ու խաչքարերի վարպետ է։ Նրա մասնակցությամբ բավարական Մինդելհայմում (Գերմանիա) 2008-ին կազմակերպվել է Հայաստանում քրիստոնեությանն ու խաչին նվիրված ցուցահանդես։ Լայն են Վանո Դադոյանի հետաքրքրության շրջանակները․ շուտով նա կավարտի ժողովրդական «Հազարան բլբուլ» հեքիաթի մեկնությունը, ըստ որի Վանոն բացում է այդ հեքիաթի դռները հոգևոր գիտելիքների տեսանկյունից, որոնք ամբարված են հեքիաթի տողատակերում և ողջ բովանդակության մեջ։

Դադոյանի խաչքարերը վեր են խոյանում Կրասնոդարում, Սոչիում, Վիեննայի Մագատեի գրասենյակում։ Նա վերականգնում է նաև կոտրված խաչքարերը։

«Կենաց տուն» կազմակերպությունն իր հայապահպան ծրագրերով ու միջոցառումներով համախմբում է բոլոր այն մարդկանց, ում համար թանկ են հայրենիք, պետություն, ընտանիք հասկացությունները։ «Կենաց տուն» հաճախող երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքները ուղղակի նման են մեծ ու գունագեղ տոնախմբությունների, որոնցից ստացված հասույթը օգնում է նյութապես անապահովներին, կարիքավորներին, հաշմանդամներին։

Այսպես է ապրում ու ապրեցնում «Կենաց տուն»-ը։ Երևանի Պուշկինի փողոցի հարակից նորաոճ շենքերի անկյունում ծվարած հայկական ճարտարապետության մի նշխար է այն շենքը, որն ունի հինավուրց պատմություն և որտեղ էլ ժամանակավորապես հանգրվանել է «Կենաց տուն»-ը։ Նրա հիմնադիրներ Վանո Դադոյանն ու Լալա Մնեյանը, նրանց հրաշալի երեք զավակկները՝ Վանենին, Վանատուրն ու Վարդանը դեռ շա՜տ-շա՜տ ծրագրեր ունեն, որոնք հայեցի են, ազգային ու ազգանպաստ։ Այսպիսի հայոց օջախները մեր պետության ու պետականության ամուր սյուներն են, հիմնաքարերը, խոստումնալից ներկայի ու ապագայի մեծ խորհուրդը։ Մայր Թերեզայի բարեգթությամբ, առաքինությամբ ու առաքելությամբ աշխարհ եկած Լալա Մնեյանն ու Աստվածահաճո կողակիցը իրենց անուններն են գրում Կյանքի Մեծ Գրքում։

Կարինե Ա Ավագյան

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *