Սև ժայռը․ Պատմություն՝ նվիրված սրբազան հայրենիքին

Մեր գլխավերևում մի ահռելի ժայռ է հայտնվել, որ ամեն վայրկյան կարող է գահավիժել։ Որտեղի՞ց է հայտնվել այդ ահռելի ու ժամ առ ժամ ահագնացող ժայռը, այդ արհավիրքը։ Գուցե ինքնե՞րս ենք այն բերել կախել մեր գլխին մեր եսակենտրոն մտածողությամբ, հանրային շահն ու ազգային ավանդույթներն արհամարհելով…
Դեռևս շատ վաղուց, այնքան վաղուց, որ մեր ապուպապերն էլ չեն հիշում, երբ հայոց Արարիչն իր բարենորոգ ձեռքով ու հոգեշունչ քնքշանքով արարեց մեր սիրտը, նա բոլորիս իրար կապեց մի անտեսանելի կապով և դարձրեց դրախտի բնակիչ նույնական ինքնությամբ։ Մեր ինքնության այդ փոքրիկ հանգույցը նա դրեց մեր սրտի խորքում՝ որպես մեր լինելիության անկյունաքար, նաև՝ մեր սրբազան հայրենիքին միացնող լուսաշող մի կապ։ Երբ մենք սիրում ենք իրար ու խնամքով ենք վերաբերվում միմյանց, այդ աստվածային լուսեղեն հատիկը դառնում է բոցեղեն մի հուր և, համակելով մի տաք ջերմությամբ, շաղկապում է մեզ մեր հայրենիքին ու տալիս նոր արարումի զորություն։ Բայց երբ մենք մոռանում ենք այդ կարևոր պարտականության՝ սիրելու մասին, այդ կապերը, սնունդ չստանալով, չորանում են, սևանում ու քար են դառնում, մենք էլ՝ անտարբեր ու անուժ։ Այդ աննշան թվացող բազում քարերը միանալով՝ մեծանում ու մեծանում են՝ դառնալով մի ահռելի սև ժայռ: Իսկ այդ կապերով մենք կապված ենք մեր հայրենիքին․․․
Ահա՛ մեր գլխին եկած ահռելի փորձանքների պատճառը, ահա՛ մեր մեղք-բացթողումը և ելքի փորձաքարը։ Ահա թե ինչու այս խնդիրը միայն մենք ինքներս պիտի լուծենք, և աշխարհում ուրիշ ոչ ոք չի կարող մեզ ազատել այս դարավոր պատուհասից։ Ամեն մեկս սկսենք մեզնից ու մեր լույսի չափով փորձենք ազատվել այդ ամոթալի սևությունից՝ այդպիսով վերագտնելով իրական հայի էությունը և կատարելով մեր սրբազան պարտքը մեզ Արարողի ու նրա կողմից մեզ ժառանգված հայրենիքի հանդեպ։
Միայն այսպես կարող ենք ապահովել մեր ազգի հարատևությունը և մեր Զվարթնոցի տաճարի կենսատու ոգեղենությունը։ Միայն այս կերպ կարող ենք լուսավոր հենակետի վերափոխել մեր գլխին գալիք պատուհասները՝ կռելով մեր ազգային միասնական պետությունը:
Վանո Դադոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *