1002792_10151515929248354_469993487_n


Վանո Դադոյանը կրթությամբ մաթեմատիկոս է, նաև՝ Հայաստանի ժողովրդական վարպետ, քարի ու փայտի փորագրության գծով փորձագետ։ Նրա երկարամյա գործունեության առանցքում հետևյալ ոլորտներն են.


1. հայոց արժեքային համակարգի հանրայնացում, հայ ժողովրդի հոգևոր գիտելիքների ուսումնասիրում, հոգևոր ուղու բացահայտում,

2. մարդու հոգևոր զարգացման և ներքին հնարավորությունների ներդաշնակ կառավարման մոդելի ձևավորում, հայկական հեքիաթների և էպոսի ուսումնասիրում հոգևոր տեսանկյունից,


3. Դավիթ Անհաղթի իմաստասիրության գործնական կիրառելիության մշակում։


4. ազգային պետության և ազգային գաղափարախոսության չափորոշիչների մշակում,

5. փայտի գեղարվեստական փորագրության և ավանդական կահույքի վերականգնում, նորօրյա գործածության կիրառական ձևերի ստեղծում,


6. վարպետաց դպրոցի վերականգնման մեխանիզմի մշակում, ցուցահանդեսների կազմակերպում Հայաստանում և արտերկրում, փայտի գեղարվեստական նմուշների ստեղծում։

Ազգային հոգևոր մշակույթը

Ազգային հոգևոր մշակույթը հիմնված է սրբազան ավանդույթի և խորհրդապաշտական խոր գիտելիքների վրա, որոնք արտացոլված են մշակութային տարաբնույթ շերտերում և ներառում են աստվածային ու մարդկային ողջ իրողությունը։ Անհատի ու հասարակության շարունակական զարգացմանը զուգընթաց, հատկապես պատմական նշանակություն ունեցող խոշոր հայտնագործություններից հետո, այդ գիտելիքների նոր շերտերը բացահայտելու, լուսաբանելու և տարածելու անհրաժեշտություն է առաջանում: Եվ միայն համակարգված մոտեցման ու ողջ մշակութային ժառանգության հիմնարար ուսումնասիրության շնորհիվ է հնարավոր ճիշտ ներկայացնել մշակութային իրողությունների ամբողջական պատկերը անհատական ու հանրային մակարդակներում։ Հանգամանքների բերումով, այս առումով մեր ազգը շուրջ չորս հարյուր տարվա բացթողում է ունեցել՝ կորցնելով բարձրագույն հոգևոր կրթական օջախները։ Այդ պատճառով այն կորցրել է իր հավաքական ինքնության պահպանման ու ամբողջական զարգացման հնարավորությունը՝ մնալով հատվածական ու խմբային շահերի անհեռատես տիրույթում։ Հետևանքը եղել է այն, որ հետզհետե մշակութային անկում ապրելով՝ աստիճանաբար կորցնել ենք մեր հավաքական մտածողությունը և որդեգրել տարաբնույթ ուժերից օգնություն ստանալու կախյալ քաղաքականությունը։
Այժմ, ավելի քան երբևէ, հատկապես վերջին պատերազմի ողբերգական հետևանքների և իրավիճակի բարելավման հույսի անորոշության պարագայում մեզ անհրաժեշտ է համախմբում ու վերադարձ մեր իրական արժեհամակարգին։
Այս առումով անհրաժեշտ ենք համարում պարբերական բանախոսություններ և այլ հրապարակումներ կազմակերպելու միջոցով հանրությանը ծանոթացնել մեր տեսակետներին և կառուցած համակարգին, որոնց խարսխված են հայ մշակույթի 4 առանցքային հիմքերի վրա։
Դրանք են`
Հայ բանահյուսություն և ազգագրություն ( օրինակ ` Հազարան բլբուլ և հրաշապատում այլ հեքիաթներ),
«Սասնա ծռեր» ազգային էպոս և էպիկական այլ նյութեր,
Հայ փիլիսոփայական միտք (Դավիթ Անհաղթ և այլն),
Ավետարան և Հայ առաքելական եկեղեցու դավանաբանություն։
Բանախոսությունները տեղի են ունենում Արեւահովիտի դահլիճում և այլ վայրերում։
Հետեւե'ք, Արեւահովիտի էջին տեղեկացված լինելու համար։

Արևահովիտի նպատակը


Մեր գլխավոր խնդիրը ընդհանրականի հարատևման միջավայրի ձևավորումն է, որտեղ այլևս չեն լինի այն բացթողումները, որոնք մեր ազգն ունեցել է դարերի ընթացքում, որոնց հետևանքով մենք հասել ենք այս աղետալի վիճակին և գրեթե կործանման եզրին ենք: Այդ խնդիրը հնարավոր է իրագործել մեր նախնիներից ժառանգած Արարչական ամբողջական գիտելիքի և ստեղծագործ հոգու միջոցով: Նոր միջավայրի ձևավորման շնորհիվ կբացվի լույսը, և տեսանելի կդառնա այս անվերջանալի թվացող փակուղիներից դուրս գալու ելքը: Այժմ մեր ազգին բնորոշ է հատվածական մտածողությունը, ազգը գտնվում է խմբային ու տրոհված վիճակում, ինչի հետևանքով չի գիտակցում իր հավաքական ուժը, ուստի և չի կարողանում կիրառել այն: Մնալով այս խառնաշփոթի մեջ՝ հեռանում է իր ինքնությունից և ամոքելու փոխարեն ավելի է խորացնում վերքերը: Այդ վերքերի հետևանքները մեր ազգային մշակույթի խեղաթյուրված ընկալումներն են, մեզ մեզնից օտարելը, հայրենիքի և հայրենատիրության, ինչպես նաև մեր ազգային ինքնության գիտակցման կորուստը։ Ահա թե ինչու տարբեր շերտերի ու խավերի միջև առկա հակասությունները լուծվելու փոխարեն վերածվում են թշնամանքի՝ մոռացության մատնելով մեր ընդհանուր ազգային նպատակը, աղճատելով մեր լեզվամտածողության խորքային ընկալումները։ Այս ամենը հանգեցնում է ազգի պառակտմանը և նրա հարստության անիմաստ փոշիացմանը: Ուստի խիստ անհրաժեշտ է դառնում մարդու և հանրության համաչափ զարգացման, հակադրությունների վերացման և համագործակցային միջավայրի ստեղծման, սոցալական շերտավորումների միջև առկա ծայրահեղ լարվածության թուլացման և ֆինանսական համաչափության ապահովումը։ Այն հնարավոր է իրագործել միայն ազգային միասնական գիտակցության վերականգնման և դրան համապատասխան հոգևոր- քաղաքակրթական մշակութային գործիքների կիրառման շնորհիվ։

mads-schmidt-rasmussen-6YmzwamGzCg-unsplash


«Արևահովիտ» հարթակը գործողության մեջ է դրվել հենց այս խնդիրների լուծման նպատակով։ «Արևահովիտը» փորձելու է բաց և հանրային քննարկումների միջոցով բացահայտել և դասակարգել այն հիմնական խնդիրները, որոնց լուծումը կլինի ազգային ուժերի համախմբան, մեր հավաքական ուժի արդյունավետ կիրառման գործոն: Այս կերպ կվերականգնվի ազգային ինքնագիտակցությունը, և կսկսի անխախտ գործել անհատից ազգ և ազգից անհատ կապը: Այդպիսով հասարակության ուղղաձիգ ու հորիզոնական շերտերը կզարգանան միաժամանակ և փոխկապակցված, կվերականգնվի մեր ազգային ձեռքբերումների ևս մեկ կարևոր բաղադրիչ: Ազգային ինքնության վերականգնման և դրա հետ յուրաքանչյուրի կապն ապահովելու շնորհիվ կդառնանք նրա ստեղծած եռաշերտ հարստության օրինական ժառանգորդը, տեր կկանգնենք ու կզարգացնենք այն: Եռաշերտ հարստություն ասելով՝ նկատի ունենք այն բոլոր տարածքները, որոնց տիրապետել կամ այժմ տիրապետում է հայը, այդ տարածքների վրա գտնվող բոլոր բարիքները, ինչպես նաև նյութական, մտավոր և հոգևոր այն արժեքները, որ ստեղծել են մեր նախնիք առանց ժամանակային սահմանափակման: Ուստի, սիրելինե՛րս, ձեր աջակցությունը բերեք, ձեր գիտելիքներն ու հնարավորությունները ծառայեցրեք մեր ընդհանուր գործին։

ՀԱՄՀ ֆեյսբուքյան էջ

Իմ սիրելի ընկերներ, ուրախությամբ հայտնում եմ, որ արդեն գործարկվել է Հայոց արժեհամակարգի միասնական հարթակի «Արևահովիտ» ֆեյսբուքյան էջը: Առաջարկում եմ ծանոթանալ և, ինչո՞ւ ոչ, հավանելու դեպքում միանալ ու տարածել։ Ուզում եմ նաև համառոտ ներկայացնել մեր հարթակում քննարկվելիք մի քանի առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ ձեր մոտեցումները չափազանց կարևոր են և կարող են ծնունդ տալ նոր գաղափարների ու նախաձեռնությունների: Առաջին հերթին դա ազգի պահպանման ու զարգացման խնդիրն է: Ինչի՞ շնորհիվ է իրեն հայ անվանող ժողովուրդը հազարամյակներով հարատևել, և ի՞նչ վտանգների առջև ենք կանգնած այսօր: Հնարավո՞ր է դուրս գալ վերջին երեսուն տարում մեզ պարտադրված «իզմերի» ու ապազգային հոլովույթների շրջանակից։ Ինչպե՞ս վերագտնել ու հանրայնացնել այն իրական ազգային արժեհամակարգը, որը կապահովի հայության զարգացումը և՛ տնտեսական, և՛ հասարակական, և՛ մշակութային տիրույթներում։ Ի զորո՞ւ ենք ընդունելու հոգևոր մտածողության գոյությունը և ըմբռնելու, որ մեր միջավայրը առաջին հերթին կախված է մեզնից ու մեր վերաբերմունքից: Ի վիճակի՞ ենք հավատարիմ մնալու ընտանիքի որդեգրած սկզբունքներին, որոնք միանշանակ հայ ժողովրդի գոյատևման նախապայմաններից են… Կարծում եմ՝ մեր իշխանության հիմնական բացթողումը մարդու ազգային վեհանձն կերպարից հեռանալն է, այն մարդու, որի բարոյական ու գաղափարական հենասյունը տիեզերակառույցի և դրանում հենց իր՝ մարդու գեղարվեստական ընկալումն է։ Պիտի փորձենք մեր մտածողությունը ձևավորել խմբային շահերից դուրս՝ վերանձնական տարածքում. հիշենք, որ մեր մշակույթում հիմնականում անանձնական հերոսներ են։ Երբ մտածողությունը կառուցվի մեր սուրբ նախնյանց իմաստասիրական հենքի վրա, ապա ավելի հեշտ կլինի անձնական նկրտումներից խուսափելը։ Սա պարտադիր պայման համարելով՝ պետք է ջանանք մեր հոգևոր ներանձնականը կառուցել բարձր արժեհամակարգի վրա։ Նշված խնդիրների պարզաբանման և հանրային լայն քննարկումների միջոցով անդրադառնալու համար էլ ստեղծվել է «Արևահովիտը»։ Վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կյանքի կոչվող ազգային մշակութային այս հարթակում ձեզնից շատերը կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները։ Վստահ եմ նաև, որ «Արևահովիտի» հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Բարին բոլորիս հետ:

Ծանոթացեք նաև Վանո Դադոյանի գրապահոցին՝