Վերացնել «քաղաքականությունը քըխ է» միֆը

«Քաղաքականությունը հասարակությանը կառավարելու գործնական արվեստ է»,- ասում են փիլիսոփաները: Իսկ ովքե՞ր են նրա տեսական մասի, այսինքն՝ գաղափարախոսության պատասխանատուները։ Հարցն այն է, թե ում է ծառայում այդ գաղափարախոսությունը, ովքեր են այն ուղղորդում, ովքեր՝ ձևավորում։
Նախ նշեմ, որ ազգային կազմակերպվածությունը և քաղաքացիական հասարակությունը չեն հակասում իրար և կարող են լրացնել մեկմեկու։ Արդեն ապացուցված է, որ ժողովրդավարությունն արդյունավետ և ապահովում է հասարակության զարգացումը միայն գիտակցված ընտրության դեպքում։ Իսկ գիտակցված ընտրություն հնարավոր է, երբ հանրության հիմնական մասը տեղեկացված է ու կրթված։
Այս կարևոր սկզբունքների խախտումը հանգեցնում է քաղաքական մանիպուլյացիաների և հասարակությունը վերածում ամորֆ զանգվածի։ Սրան նպաստում է նաև քաղաքականությունը հայտնի հնագույն մասնագիտության հետ համեմատելու թյուր պատկերացումը, ինչը շատերին ստիպում է հեռու մնալ իրական քաղաքականությունից։ Արդյունքում գիտնականը, մտավորականը կամ այլ ոլորտների լավ մասնագետները չեն խոսում թեկուզ իրենց բնագավառի զարգացման կամ խոչընդոտների մասին։ Այնպես է ստացվում, որ այդ ոլորտները մնում են ոչ մասնագետների հույսին, ինչի հետևանքով արդյունաբերությունը, որը պետք է զարգանար գիտության հիման վրա, փլուզվում է: Իսկ հազարամյակների մշակույթ ունեցող երկիրը, չընկալելով մշակույթի կարևորությունն ու ազդեցությունը մարդու և հանրության բարոյական նկարագրի ձևավորման վրա, ավելորդ է համարում անգամ մշակույթի նախարարություն ունենալը և փակում է այն։ Այս ամենի հիմնական պատճառը խեղաթյուրված պատկերացումներն են ազգի և պետության զարգացումն ապահովող քաղաքականության վերաբերյալ։
Այնպես է ստացվել, որ քաղաքացին կարևորվում է միայն ընտրությունից ընտրություն, իսկ հայրենիքի նյութական բարիքները ժողովրդին պատկանում են միայն… թղթի վրա։ Շուրջ հարյուր տարի այս խառնաշփոթը տարբեր փաթեթավորումներով հրամցրել են մեզ։ Ուստի գրեթե անհնար է դուրս գալ այս կեղծ քաղաքական շրջապտույտից առանց ազգային համախմբված կամքի։
Շուտով նորից հապճեպ ընտրություններ են և նորից տեղեկատվական պատերազմ է՝ քարոզչությամբ ուղղորդվող։ Վտանգներն արդեն այնքան են մեծացել, որ ցնցում են մեր պետականության հիմքերը։ Բայց ցավալին այն է, որ գրեթե մեր ողջ ազգը անվստահությունից կրիայի պես պարփակվել է, և քաղաքացիները ոզնու նման միայն ծակում են իրար: Մինչդեռ հարկավոր է հանրային դիմադրության մեծ ճակատ ստեղծել, հռչակել մի քանի առաջնահերթություններ և լծվել դրանց իրականացման գործին։ Արդեն բազմիցս առաջարկել ենք, թե որոնք կարող են լինել այս պահին մեր ազգի առաջնահերթ խնդիրները, սակայն չենք զլանում նորից կրկնել դրանք:
1. Նախ՝ կասեցնել այս անորոշ ու պարտադրված սահմանների պարզորոշման շտապողական գործընթացը։ Փոխարենը՝ համախմբել համահայկական իրավագիտական և դիվանագիտական բոլոր կարող ուժերը՝ մեր հայրենիքի իրական սահմանները միջազգայնորեն ընդունված նորմերով հստակեցնելու նպատակով։
2. Ճիշտ վերաբաշխել մեր ազգից խլված բնական պաշարները։
3. Ձևակերպել ժամանակակից հայի բնութագիրը և դրա հիման վրա կատարել կրթական, սոցիալ-տնտեսական ու գիտական բարեփոխումներ։
4. Հիմք ընդունելով այս ամենը և հայի կերպարին բնորոշ հոգևոր ազատությունը, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու դերը հայ մարդու լինելիության հարցում, կազմել նոր համահայկական սահմանադրություն։
Նորից կրկնեմ, որ այս ամենին հնարավոր է հասնել համահայկական հզոր ներուժի կիրառման և այդ ներուժը միասնաբար ու զանգվածային կամարտահայտելու միջոցով։
Վանո Դադոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *