Այն, ինչ հիմա կասեմ, առաջին հերթին ի՛նձ է վերաբերում, նաև՝ ընթերցողին, բայց, իմ կարծիքով, ավելի շատ ուղղված է քաղաքական գործիչներին։
Այսպիսով, մեր կյանքը կառուցվել է այնպիսի հանգամանքների վրա, որոնց մենք ո՛չ ուսումնասիրել ենք, ո՛չ էլ ճանաչել կամ հասկացել։ Հենց այստեղից էլ ծնվել ու գնալով ահագնանում է մեր անկախության ու պետականության «փուչիկը»։ Հավակնելով ամենա-ամենային, չըմբռնելով միասնական նվիրումի, գիտակցված ու համակարգված տքնաջան աշխատանքի կարևորությունը՝ մենք շարունակ բարբառել ենք, թե մերն ամենալավն է, ամենախելոքն է, ամենաուժեղն է… ամենա-ամենան է… Եվ այս «փուչիկը» փչել ենք թե՛ անհատական, թե՛ հանրային մակարդակներում: Ընթացքում հաճախ չենք էլ նկատել, որ այս անիրական միջավայրում ոչ մի կերպ չի կենսագործվում մեր իրական հերոսի կերպարը, իսկ հանրությունն անհաղորդ է մնում մեր վիպերգական զորավոր «ամենա-ամենա»-ին։ Ահա թե ինչու այդ նույն միջավայրում պետական ու հասարակական շահերը նույնանում են խմբային ու անձնական շահերի հետ։
Հենց այս «փուչիկային» մտածողության պատճառով էլ մեր դիվանագիտությունը «դիվանի» վրա նստելուց վեր չի բարձրանում, արտաքին գործերի նախարարությունը վերածվել է բիզնես գործարքներ կնքող կամ դեպի աշխարհի հայտնի խաղատներ ճամփորդություններ կազմակերպող, իսկ ազգային անվտանգության ծառայությունը՝ մարդ բռնող գրասենյակների։ Ահա թե ինչու փորձության պահին աննշան ծակոցից անգամ պայթում է պատրանքային պետական «փուչիկը»՝ բոլորիս կանգնեցնելով կոտրած տաշտակի առջև։ Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ փուչիկի վրա ոչ ոք տուն չի՛ կառուցում, չի՛ գնում պատերազմի, առավել ևս՝ չի՛ հաղթում։
Ահա այս անիրական տեղեկատվական վակուումի կամ որ նույնն է՝ ահաբեկումի մթնոլորտում էլ անցավ վերջին խորհրդարանական ընտրությունը։ Զավեշտն այն է, որ հներն ամեն ինչում մեղադրում են նորերին, իսկ նորերը, բնականաբար, հներին՝ բացառելով գաղափարական քննարկումները և հաշվի չնստելով այլ՝ առողջ ուժերի հետ։ Ցավալի է, որ ո՛չ հները, ո՛չ նորերը այդպես էլ չստանձնեցին մեղքի իրենց բաժինը, փոխարենն ամեն կերպ նպաստեցին ամբարտավանության չափաբաժնի, կեղտոտ ու հայհոյալից բառամթերքի ավելացմանը։
Կկարողանա՞նք ազատվել այս ապիկար դատարկ «փուչիկից» և ստեղծել իրական ազգային հստակ տեսլական, առանց որի անհնար կլինի համախմբել համայն հայության ներուժը, ապահովել մեր ազգային անվտանգությունը և զբաղեցնել մեր պատվավոր տեղը քաղաքակիրթ աշխարհում, ժամանա՛կը ցույց կտա: Բայց չմոռանանք, որ ժամանակը չի սպասում…
Վանո Դադոյան