«ԱՐԵՎԱՀՈՎԻՏ»
Հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ
(ՀԱՄ Հարթակ)
Ծ Ր Ա Գ Ի Ր

«Արևահովիտի» ստեղծման անհրաժեշտությունը
Հայաստանի ներկայիս անկայուն և փխրուն վիճակը, ներքաղաքական լարված միջավայրը և պատերազմի ողբերգական հետևանքների հաղթահարումը պահանջում են Հայաստանի և արտերկրի հայության մտավոր ողջ ներուժի, ռեսուրսների, հնարավորությունների շտապ միավորում և գործողությունների համակարգում։ Ահագնացած ներքին անհամերաշխությունը, անվստահության դրսևորումները, արտաքին ուժերի ազդեցության խայտաբղետ խճանկարը և պետական կառավարման կարևոր հարցերում անվճռականությունը է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը՝ լրջորեն վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի ներկան ու ապագան։ Անկախության հռչակումից ի վեր գրանցվող անկման և ներկայիս աղետալի վիճակի պատճառ են դարձել հատկապես հայկական լավագույն ավանդույթների, կրթական և հոգևոր-մշակութային արժեհամակարգի խեղաթյուրումը և արժեհամակարգային առանցքի բացակայությունը: Արժեհամակարգի բացակայությունը գործնականում քայքայել ու բովանդակազրկել է հայկական կյանքի բոլոր ոլորտները՝ ընդգրկելով պետական մտածողությունը և պետության կառավարումը, արտաքին քաղաքականությունը, բանակը, գիտությունը, կրթական, առողջապահական համակարգերը և այլն: Ստեղծված իրավիճակում հրատապ է դարձել Հայաստանի և արտերկրի հայության միջև համագործակցության և արագ արձագանքման օրակարգի ձևավորումը, քաղաքական, գիտական, տնտեսական, մասնագիտական և այլ ռեսուրսների համադրումն ու նպատակային կիրառումը։
«Արևահովիտի» նպատակները
Ներկա անկայուն ու պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու համար «Արևահովիտն» առաջարկում է ձևավորել հիմնարար և երկարաժամկետ օրակարգ՝ համահայկական առողջ ուժերի համադրմամբ։ «Արևահովիտի» մասնագիտական և մյուս բոլոր ռեսուրսներն ուղղված են նպաստելու հայության հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարային լուծմանը՝ հիմնվելով պատմականորեն ձևավորված, սակայն ներկայումս մոռացվող ազգային արժեհամակարգի վերականգնման, տարածման և մարդու նոր կերպարի ընկալման սկզբունքների վրա: Սա ծայրահեղ անհրաժեշտ քայլ է հայության, հայոց պետականության պահպանման ու ապագայի կերտման տեսանկյունից և միտված է աջակցելու Հայաստանի քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների զարգացմանը: Ցավոք, այս առումով մենք վտանգավոր չափով հետընթաց ենք ապրել:
«Արևահովիտը» նաև զբաղվելու է Հայաստանի և արտերկրի հայության կարևորագույն խնդիրների վերագնահատմամբ, հոգևոր-մշակութային նորմերի վրա հիմնված համագործակցությունների խրախուսմամբ և հանրային լայն իրազեկմամբ: ՀԱՄ Հարթակը կարևորում է նաև միջազգային հայագիտական կենտրոնների հետ համագործակցությունը, որի հիմքում լինելու է ուսումնասիրությունների արդյունքների փոխանակումը և դրանց համախմբումը նույն գիտահենք առանցքի շուրջ։


Գործունեության սկզբունքները
«Արևահովիտը» գործելու է վերկուսակցական և վերխմբային
սկզբունքով, տուրք չտալով հատվածական շահերին՝ հանուն հայկական պետականության
կայացման ու հզորացման, ազգային միասնական հանրության ձևավորման, հայ ժողովրդի հոգևոր-մշակութային
արժեհամակարգի վերականգնման։
Սա հարթակ է, որը կտրամադրվի Հայաստանի ապագայի,
արտերկրի հայության խնդիրների և հոգևոր-մշակութային զարգացման հարցերով մտահոգ, կարող
և իրենց հնարավորությունների սահմաններում աջակցության պատրաստ անհատների, կազմակերպությունների,
խմբերի՝ պարզապես ազատ խոսելու, քննարկելու, իրավիճակի վերաբերյալ գնահատականներ տալու
և ամենակարևորը՝ միասնական լուծումներ առաջարկելու, իրականացնելու, լոբբինգի և աջակցության
այլ քայլեր կազմակերպելու համար։ Գործունեության ընդլայնման և ակտիվության հետզհետե
աճի հետ մեկտեղ «Արևահովիտը» կվերածվի հետազոտական, համակարգային բարեփոխումների և
գործնական համագործակցության համազգային խիստ անհրաժեշտ կենտրոնի:
«Արևահովիտն» ունենալու է բազմազան ձևաչափ և
բազում գործառույթներ: Հարթակում կկազմակերպվեն թեմատիկ կոնֆերանսներ, աշխատանքային
խմբերի քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ բոլոր այն ուժերի ներկայացուցիչների
հետ, որոնց հուզում է մեր երկրի ու ողջ հայության ապագան: Ակտիվորեն կկիրառվեն հեռավար
ZOOM, վիդեո/ձայնային այլ ժամանակակից տեխնիկական հնարավորություններ։ «Արևահովիտի»
գործունեության հիմնական աշխատանքային միջավայրը կլինի այդ նպատակով ստեղծվող ինտերնետային
մասնագիտացված կայքը (հաղորդակցման կենտրոնը՝ Hub-ը), որը կներառի նորությունների,
հաղորդագրությունների, տեսանյութերի, կարևոր հետազոտությունների արդյունքների, գործարար
նոր համագործակցությունների, առաջարկների, դրանց իրականացման ընթացքի, փաստաթղթերի
և իրավական կարգավորման մասով կարևոր նյութերի ստեղծման ու պահպանման հանրային մատչելի
գրադարան: Այն կծառայի նաև որպես նոր գաղափարների գեներացման, ծանոթությունների հաստատման,
գաղափարների տարածման և իրացման, սխալների կանխարգելման հարթակ: